Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նիկոլ Փաշինյանի Բորոդինոն

Նիկոլ Փաշինյանի Բորոդինոն
31.03.2018 | 11:35

Երեկ Մամուլի ազգային ակումբում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսն էր: Խնդրո առարկան` Սերժ Սարգսյանի երրորդ վարչապետությունն էր: Ի՞նչ իմացանք ասուլիսից:


1. Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը խախտում է Հայաստանի քաղաքացիների հետ 2014-ին կնքած «պայմանագիրը», որ այլևս երբեք չի հավակնի ղեկավար կարգավիճակի. «Պայմանագրի էությունը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից առաջ ինքը պարտավորվում է, որ այլևս երբեք չի հավակնելու պետության ղեկավարի կարգավիճակին։ Եվ հիմա նա փորձում է դրժել այդ պայմանը»: Նա անհրաժեշտ է համարում, որ քաղաքացիները կազմակերպվեն ու Սերժ Սարգսյանին պարտադրեն կատարել «իր առաջադրած պայմանագրի պայմանները»։ ՔՊ-ի հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է, նրանք են խաբվածը: ՔՊ-ն ու անձամբ ինքը այս պարագայում հանդես են գալիս իբրև ՀՀ քաղաքացի:


2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական զարգացումների 2 սցենար է տեսնում` Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ կամ հաջողվում է կանխել նրա 3-րդ ժամկետը։ «Եթե ենթադրենք, մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում և ժողովրդին ոչ մի առաջարկ չենք անում, և Սերժ Սարգսյանն առանց որևէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է։ Մեր գործողության բացակայությունը արդեն իսկ ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն, հետևաբար մեր գործողությունը ստեղծում է հաղթանակի հնարավորություն»: Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ Հայաստանի քաղաքացիները կօգտվեն ստեղծված հնարավորությունից ու կհաղթեն` իր 14+4 ճանապարհային քարտեզով:


3. Նիկոլ Փաշինյանը դեմ է բռնությանը. «Մենք կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները»։ «Դա մեր համոզմունքն է, որ այլ միջոցով հնարավոր չէ։ Մենք ի գիտություն ենք ընդունում մյուսների համոզմունքը, բայց մենք գտնում ենք, որ դա է մեր համոզմունքը»։ Ոչ բռնի պայքարի սկզբունքը նրա համար կարմիր գիծ է: Նա համոզված է, որ տանկերով իշխանության եկողը տանկերով էլ պիտի պահի իշխանությունը, դա իրենց դեպքը չէ. «Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն։ Սակայն մյուս կողմից սա չի նշանակում, որ մենք այս քաղաքական պրոցեսը պատկերացնում ենք որպես փխրուն, նրբիկ և վախվորած ինչ-որ բան։ Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ընդունում են այս պայմանը և համաձայն են ձևավորել երաշխիքներ, որ քաղաքական պրոցեսը կլինի այս սկզբունքների շրջանակում»:


4. ՔՊ-ն պատրաստ է համագործակցել իր տեսակետներին համամիտ բոլոր ուժերի հետ: ՀՀՊ-ի հետ համագործակցության հարցը առկախված է, քանի դեռ ՀՀՊ-ում չկա պայքարի տեսակների վերաբերյալ միասնական տեսակետ:


5. Նիկոլ Փաշինյանը խոստանում է շատ արագ արձանագրել և հաղթանակը, և պարտությունը ու մարդկանց «քաղաքական զբոսանքների» չտանել. «Մեր քաղաքական գործընթացը գործողությունների գործընթաց է: Երբ ակնհայտ լինի, որ պարտվել ենք, մեր քաղաքական պարտությունը կարձանագրենք»:


6. Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապրիլի 10-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոնական կարգավիճակ չի ունենալու և իրենց խնդիրը նրա իշխանություն վերադարձը թույլ չտալն է: Նա պնդում է, որ 10-17-ը որևէ մեկը Հայաստանում կառավարելու իրավասություն չունի. «Երբ մենք ՀՀ քաղաքացուն կհրավիրենք հրապարակ Սերժ Սարգսյանին հեռացնելու, դրանից հետո 10 օրվա ընթացքում ինքը պետք է հեռացած լինի։ 10 օր հետո Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռացած կլինի՝ ապրիլի 9-ին։ Ապրիլի 10-ին նա իշխանություն չի ունենալու, և մեր խնդիրն է լինելու Սերժ Սարգսյանին իշխանություն վերադառնալ թույլ չտալը, որովհետև ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը Հայաստանում որևէ պետական պաշտոն չի ունենալու, ՀՀ-ում կառավարություն չի լինելու, լինելու են պաշտոնակատարներ։ Արմեն Սարգսյանը ստանձնելու է պաշտոնը և տվյալ դեպքում նա որևէ գործառույթ չունի։ Գործելու է միայն Ազգային ժողովը։ Այս պարագայում ամենագործուն ուժը մնալու է ՀՀ քաղաքացին»: Եթե ՀՀ քաղաքացին որոշի հաղթել, կհաղթի: «Ես ինձ համարում եմ դրա երաշխավորը»` խոստացավ Նիկոլ Փաշինյանը:


7. Իրենց «14+4» ճանապարհային քարտեզը Նիկոլ Փաշինյանը համարում է սեփական «Բորոդինոյի ճակատամարտ»: Նա սկզբունքորեն դեմ է «պատերազմին»` Հայաստանի ներսում պատերազմ մղելու ցանկություն չունենալով, բայց ընդունում է «ճակատամարտը». «Ես կարող եմ նշել քաղաքացիական և քաղաքական պայքարի ճակատամարտ և հույս ունեմ, որ դա մեր ժողովրդի համար կդառնա քաղաքացիական, հայրենական ճակատամարտ»։ Նա վստահ է, որ գործողության բացակայությունն արդեն ժողովրդին առաջնորդում է պարտություն, իսկ ՔՊ-ի գործունեությունը ստեղծում է հաղթելու հնարավորություն, երբ ՀՀԿ-ն բացի Սերժ Սարգսյանից վարչապետի այլ թեկնածու չունի։


Այսքանը` հիմնականում: Մնացածը կպարզաբանի 14+4 ճանապարհային քարտեզը, որ «կազմել են այնպես, որ լավատեսություն կգեներացնի: Կփորձենք մարդկանց հույս ներշնչել առաջին հերթին իրենց ուժերի նկատմամբ»: Բազում եթե-ների վրա հիմնված ռազմավարությունը մի մխիթարություն ունի միայն` Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագ արձանագրել թե հաղթանակը, թե պարտությունը: Նա խորապես մոլորվում է, որ իր հաղթանակը կամ պարտությունը ժողովրդինն է: Ամբողջ պատմությունը վերաբերում է սոսկ մեկ քաղաքական ուժի և նրա ղեկավարի նախաձեռնությանը, որի հաջողությունը սկսվում ու վերջանում է պայքար հայտարարելով, իսկ պարտությունը լինելու է միայն սեփական և բնավ ոչ ժողովրդինը: Թեպետ թե ինքը, թե իշխանությունը սիրով ու ջանադիր փորձում են Նիկոլին ու ժողովրդին նույնացնել: Դա միանգամայն ձեռնտու է իշխանությանը, որ հետո կհայտարարի` ժողովուրդը փողոց դուրս չեկավ, ուրեմն ընդունում է մեզ, Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք: Իրականում նրա բոլոր թեզերը կառուցված են մեկ գլխավոր եթե-ի վրա` եթե ժողովուրդը հարյուր-հազարներով փողոց դուրս գա: Իսկ եթե չգա՞ հարցի պատասխանը նա չի տալիս: Փաստացի` Նիկոլ Փաշինյանի գործողությունների առանցքում ոչ թե Սերժ Սարգսյանի «ժողովրդի հետ կնքած» պայմանագրի կատարումն է, այլ` հրապարակավ ապացուցելը, որ ժողովուրդը ոչ մեկի հետ ոչ մի պայմանագիր չի կնքել: Եվ դա ոչ թե խոսքով, այլ գործողություններով է կատարվելու: Բայց նրա բուն խնդիրը դա չէ, բուն խնդիրը երկարաժամկետ հեռանկարը կասկածի տակ դնելն է, որ ունի և դեռ կարող է կյանքի կոչել «Ելքը»` առանց նրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս` խիստ համառոտ պատմական հիշեցում Բորոդինոյի ճակատամարտի մասին: 1812-ի ռուսական հայրենական պատերազմի հայտնի ճակատամարտը Մոսկվայի մերձակա Բորոդինոյի դաշտավայրում տեղի է ունեցել օգոստոսի 26-ին և տևել է 12 ժամ: Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական բանակը կենտրոնում ու ձախ թևում գրավել է Միխայիլ Կուտուզովի գլխավորած ռուսական բանակի դիրքերը, բայց մարտական գործողությունների դադարից հետո վերադարձել է ելման դրություն: Ռուս պատմագրության մեջ համարվում է, որ ռուսական բանակը հաղթել է, բայց հաղթանակի հաջորդ օրը Կուտուզովը նահանջի հրաման է տվել` մեծ կորուստների պատճառով: Արևմտյան պատմագրության գնահատականով` Բորոդինոյի ճակատամարտում հաղթել է Նապոլեոն Բոնապարտը: Մեկօրյա ճակատամարտը կորուստների ընդհանուր թվով համարվում է ամենաարյունալիցը` կռվի ամեն մեկ ժամում զոհվել է 6000 զինվոր: Ֆրանսիական բանակը կորցրեց իր 25 %-ը, ռուսականը` 30 %-ը: Այս տվյալները վերջնական չեն, որովհետև հետո հավելվեցին մահացած վիրավորները:


Ռազմական պատմաբան գեներալ Միխայլովսկի-Դանիլևսկին գրում է, որ ճակատամարտից հետո մարտի դաշտից հավաքվել ու այրվել է 58 521 սպանված:
1817-ին Նապոլեոն Բոնապարտը Բորոդինոյի մասին գրել է. «80 000-անոց բանակով ես մխրճվեցի մինչև ատամները զինված 250 000 ռուսների բանակի մեջ ու ջախջախեցի նրանց»: Գեներալ Միխայիլ Կուտուզովը ճակատամարտից հետո Ալեքսանդր Առաջինին գրել է. «Ամսի 26-ի կռիվը ամենաարյունոտն էր, որ հայտնի է նորագույն պատմության մեջ: Ճակատամարտի վայրը մենք պահել ենք և հակառակորդը հեռացավ այն դիրքերը, որտեղից գրոհել էր մեզ»:
Ալեքսանդրը, իհարկե, գիտեր իրական վիճակը, բայց ժողովրդի հաղթանակի հույսերը պահելու համար հայտարարեց, որ Բորոդինոյում ռուսները հաղթել են և իշխան Կուտուզովին շնորհեց գեներալ-ֆելդմարշալի աստիճան` 100000 ռուբլի աշխատավարձով: Բարկլայ դե Տոլին ստացավ Սուրբ Գևորգի երկրորդ աստիճանի շքանշան, իշխան Բագրատիոնը` 50000 ռուբլի պարգև: 14 գեներալներ ստացան երրորդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան, մյուս սպաները ստացան 5 ռուբլի, զինվորները` ոչինչ: «1812-ի Հայրենական պատերազմը» ռուսական հանրագիտարանում նշվում է. «Ապացույցներ չունի սովետական գրականության մեջ տարածված պնդումը, որ Նապոլեոնը այդ ճակատամարտը տանուլ է տվել»:

«Ճակատամարտում հակառակորդներից ոչ մեկը չի հասել իր ցանկալի արդյունքին` Նապոլեոնը չի ջախջախել ռուսական բանակը, Կուտուզովը չի պաշտպանել Մոսկվան»:
Պատմություն չգիտի՞ Նիկոլ Փաշինյանը, որ իր համար օրինակ է ընտրել Բորոդինոն, որտեղ կողմերից ոչ ոք իր խնդիրը չի լուծել, թե՞ ի սկզբանե ասում է` ինչ կա, բայց միայն «հասկացողներին»: Կամ` պատվիրատուներին:


Դիտվել է՝ 2652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ